Քոֆի Անանը Սիրիայում ռազմական միջամտությունն ուշացած է համարում
Սիրիայի հակամարտության հարցով ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր հայտարարել է, որ հակամարտությանը երրորդ կողմի միջամտությունն «ուշացած որոշում» կլինի, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Անանի խոսքով՝ այժմ այնպիսի ժամանակ է, որ նման միջամտությունը կարող է սրել բռնությունները և ոչ թե դադարեցնել դրանք։ «Հակամարտության հետագա ռազմականացումը դժվար է ներկայացնել սիրիացի ժողովրդի ցանկությունների շարքում։ Նրանք ցանկանում են, որպեսզի սպանությունները դադարեն։ Այդ պատերազմին զենքեր ավելացնելու կողմնակիցները հեռու են գտնվում այդ երկրից»,-հայտարարել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ պետք չէ որևէ մեկին մեղադրել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը չէր կարողացել Սիրիայի հարցով որևէ որոշում ընդունել, սակայն այժմ պետք է կենտրոնանալ «հրդեհը մարելու» աշխատանքների վրա, այլ ոչ ավելի թեժացնելու։
Լինելով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը Սիրիայում, Քոֆի Անանը ոչնչի հասնել չէր կարողացել։ Ընդդիմության ներկայացուցիչները նրան մեղադրել էին Բաշար ալ-Ասադի ռեժիմին սատարելու համար, սակայն ինքը հերքել էր այդ մեղադրանքները։
Սիրիական ընդդիմության առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը, երեկ ելույթ ունենալով Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի ընթացում, կոչ էր արել Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ օգտագործելով Թուրքիայի հետ սահմանին տեղակայված «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերը։
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը, սակայն, մերժել էր այդ առաջարկը, հայտարարելով, որ Սիրիայի հակամարտությանը խառնվելու մտադրություն չունի։










