ԿԸՀ-ն 48 ժամ է տվել «Առաքելություն» կուսակցությանը՝ ընտրագրավի անդորրագիրը ներկայացնելու համար
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում որոշվել է 48 ժամ տալ «Առաքելություն» կուսակցությանը՝ թերի փաստաթղթերը լրացնելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Երկու հարց էր՝ մեկը 48 ժամ ժամանակ տալ «Առաքելություն» կուսակցությանը, որպեսզի թերի փաստաղթերը լրացվեն, մյուս հարցով ՏԻՄ ընտրությունների դրոշմակնիքի ձևն է ընտրվել»,-ասաց Հերմինե Հարությունյանը:
Վերջինս մանրամասնեց, որ թերի փաստաթուղթ ասելով նկատի ունեն, որ ցուցակին կից փաստաթղթերի հետ չի ներկայացվել Ընտրական օրենսգրքով նախատեսված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերից մեկն է, և ներկայացրել է 29 հոգանոց ցուցակ:










