Եթե Թուրքիան չճնշեր ԱՄՆ-ին, Իսրայելը ներողություն չէր խնդրի. Դավութօղլու

12:04 • 27.03.13

Իսրայելի ներողություն խնդրելը Թուրքիայից՝ 9 քաղաքացիների մահվան համար, ինչպես նաև Անկարայի բոլոր պահանջների իրականացումը ճիշտ չէ համարել ԱՄՆ-ի հաջողությունը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Haberturk-ին տված հարցազրույցում։

 

«Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ թուրք-իսրայելյան հարաբերությունների կարգավորման հաջողությունն ամբողջությամբ ԱՄՆ-ին է պատկանում, սակայն դա այդպես չէ։ Եթե Թուրքիան ԱՄՆ-ի վրա ճնշում չգործադրեր, Թել Ավիվն Անկարայից ներողություն չէր խնդրի»,-ասել է Դավութօղլուն։

 

Նրա խոսքով՝ Իսրայելի ներողություն խնդրելը նախևառաջ թուրքական դիվանագիտության հաղթանակն էր։

 

Նախարարը նշել է, որ մոտ օրերս Իսրայելի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ տուժած թուրք ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու համար։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի Մարմարա» նավի միջադեպի հետևանքով խաթարված հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր զանգահարել Իսրայելի գործընկերը՝ Բենիամին Նեթանյահուն, և ներողություն էր խնդրել ծովային գործողության սխալների համար, ինչի պատճառով Թուրքիայի քաղաքացիներ էին մահացել։