ԵՊԲՀ-ում նշեցին ՀՀ գլխավոր վիրաբույժի ծննդյան 75 և մասնագիտական գործունեության 50 ամյակները
Վիրաբուժության ասպարեզում 50 տարվա ներդրում ունեցող պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը 75 տարեկան է: Այդ առիթով այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոնական միջոցառում անցկացվեց, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մի շարք բժիշկներ և ուսանողներ:
ԵՊԲՀ-ի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ինչպես նաև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենից հետո ինքը թողնում է իր տղային, իսկ վիրաբույժներին՝ պատիվ, հարգանք, հպարտություն:
«Մեր մասնագիտության մեջ դժվարություն չկա, եթե սիրում ես այն, բայց բժշկի համար ամենակարևորը մաքուր մնալն է»,- ասաց նա:
Բժիշկը աշխարհի բոլոր հիվանդներին մաղթեց առողջություն, իսկ երիտասարդ մասնագետներին խորհուրդ տվեց միշտ հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը:
«Լավ ուսանողներ ունենք ու ապագան արևոտ է»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ իր և ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց բժշկին՝ որակյալ բժշկական ծառայություն մատուցելու համար:
«Վստահ եմ, որ Ձեր անուն ազգանունը երախտագիտությամբ են հիշում Ձեր սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել Ձեր տված գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ: Չեմ կասկածում, որ Ձեր անունը, Ձեզ հետ հարաբերվելու ժամանակաշրջանը մեծ հաճույքով են հիշում բոլոր այն մարդիկ, ում հետ միասին Դուք կարողացել եք առաջավոր գիտությունը բերել Հայաստան ու ծառայեցնել մեր ժողովրդին»,- ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ շատ դժվար է հասարակության մեջ լինել անբասիր:
«Մանավանդ, որ կա մի հատված, որ մշտապես հաճույք է ստանում սրան-նրան անուններ կպցնել, տարբեր բամբասանքներ տարածել, բայց փառք Աստծո, որ Դուք անմասն եք մնացել այդ վատ երևույթներից»,- ասաց նա և ավելացրեց, որ ցանկացավ, որպեսզի բժիշկը դեռևս տևական ժամանակ օգտակար լինի հայ ժողովրդին:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ պրոֆեսորը Հայաստանում վիրաբուժության կայացման ոլորտում մեծ ավանդ ունի: Նա ընդգծեց, որ Հովհաննես Սարուխանյանը մեծ գիտնական է:
«Պատահական չէ, որ նա կրում է գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը: Նա այս 50 տարվա ընթացքում բավականին ներդրումներ է ունեցել՝ ստեղծել է բազմաթիվ վիրահատական մեթոդներ, որոնք որպես գյուտեր են արձանագրվել և մինչև այսօր առողջապահության ոլորտում վիրաբուժական մասնագիտության մեջ դեռևս իրականացվում են նրա մեթոդներով»,- ասաց նա և նշեց, որ Հովհաննես Սարուխանյանը համարվում է բազմապրոֆիլ վիրաբույժ:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանն էլ ընդգծեց, որ այս 50 տարվա ընթացքում 75-ամյա բժիշկը ամեն օր վիրահատում ու ղեկավարում է մեծ վիրաբուժական կենտրոնի գործունեությունը՝ փրկելով հազարավոր կյանքեր:
«Նա մեծ ուշադրություն է դարձնում նրան, որ երիտասարդ սերունդը պահպանի իր կողմից հիմնած ավանդույթները: Պրոֆեսորը նվիրված է իր ընտրած մասնագիտությանը և անում է ամեն ինչ, որպեսզի այն երիտասարդները, որոնք ընտրել են այս դժվարին և պատասխանատու գործունեությունը նվիրված լինեն հիվանդներին ու մասնագիտությանը»,- ասաց Միքայել Նարիմանյանը:
Բժիշկ Հովհաննես Սարուխանյանին ՀՀ նախագահը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրեց առաջին աստիճանի մեդալով:










