«Սև հագուստով» կինը՝ ի պաշտպանություն նախագահի. այդպես է վճռել Օբաման. La Repubblica

15:57 • 27.03.13

150 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնում կին է նշանակվել, գրում է La Repubblica թերթի հոդվածագիր Վիտորիո Զուկկոնին։

 

«Ջուլիա Փիրսոնը նշանակվել է Գաղտնի ծառայության ղեկավար։ Դա լրտեսական գործակալություն է, որը միաժամանակ վտանգավոր առաքելություններ է իրականացնում, և դրա նշանաբանը հայտնի է բոլոր 1400 աշխատակիցներին՝ իր վրա վերցնել այն փամփուշտը, որն ուղղված է նախագահին»,-գրում է պարբերականը։

 

Այժմ Գաղտնի ծառայությունը ղեկավարելու է 53-ամյա տիկինը, ով գործակալությունում աշխատել է մոտ 30 տարի։ Նա զբաղվելու է նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի անվտանգության ապահովմամբ, նահանգապետերով և նրանց ընտանիքներով, նախկին նախագահներով, ինչպես նաև նախընտրական շրջանում Սպիտակ տան համար պայքարողների անվտանգությամբ։

Գաղտնի ծառայության մեկ երրորդն արդեն կանայք են, և նրանց հեշտ է ճանաչել հատուկ նշաններով և ականջակալի լարերով։ Գաղտնի ծառայության աշխատակիցները միշտ սև են հագնում։

 

Թերթը գրում է, որ Ջուլիան ծնվել է Ֆլորիդայում՝ 1960թ.-ին, հենց այնտեղ էլ բարձրագույն կրթություն է ստացել։ Ծառայության ընթացքում Փիրսոնը ժամանակ է գտել ամուսնանալու և երկու երեխա ունենալու համար։ «Եվ այդ ամենն առաքելության լաբիրինթոսում՝ կեղծարարների դեմ պայքարից սկսած մինչև կիբեռանվտանգության ապահովում»,- գրում է հոդվածագիրը։

 

Ջուլիան, ինչպես և մյուս աշխատակիցները, գիտի մարտի հնարքները, տիրապետում է զենքին։ Նա բազմիցս ուղեկցել է «Թումբլերին» (Բուշի ծածկանունը) և «Ռենեգատին» (Օբամայի ծածկանունը)։

 

Այժմ նրա տագնապալի օրերն ավարտվել են. նա ղեկավարելու է ծառայությունը և դրա համակարգողն ու տարեկան հատկացվող 2 մլրդ դոլարի տնօրինողն է լինելու։


«Կնոջ նշանակումը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնում փոքր քայլ է նրա համար, քանի որ նա արդեն այդ հիերարխիայի երկրորդ համարն է եղել։ Սակայն մեծ քայլ է կանանց համար, որոնք մեկուսացվում են լրտեսական գործակալության, անվտանգության ոլորտներում։ Այդ կերպ կանանց հաջողվել է կոտրել ևս մեկ մասնագիտական տաբու»,-գրում է հոդվածագիրը։