Պակիստանի իշխանությունները Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ
Պակիստանի իշխանություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին թույլ չեն տվել աշխատանքային այցով մեկնել Իսլամաբադ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարին խորհուրդ են տվել Պակիստան այցելել մայիսի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կձևավորվի նոր կառավարություն։
«Պակիստանյան կողմը մերժել է ԱՄՆ պետքարտուղարի հնարավոր այցն Իսլամաբադ և խնդրել է այցը տեղափոխել ավելի ուշ, երբ ձևավորված կլինի նոր կառավարությունը»,-ասել է Պակիստանի արտգործնախարարության աղբյուրը։
Ջոն Քերին նախատեսում էր Պակիստան այցելել Աֆղանստան այցից անմիջապես հետո։
Պակիստանից մերժում ստանալուց հետո Ջոն Քերին ստիպված է եղել Իսլամաբադ ուղարկել ԱՄՆ նախագահի՝ Պակիստանի և Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցչի օգնական Դևիդ Պիրսին, ով Պակիստանի մայրաքաղաք է մեկնել երեկ։
Երկու երկրների միջև հարաբերությունները ճգնաժամի մեջ են մի շարք միջադեպերի պատճառով, ինչն սկսվել էր 2011թ.-ի մայիսին, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունները մտել էին Պակիստան և սպանել «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենին։ Ավելի ուշ ամերիկյան ավիացիան հարվածներ էր հասցրել Մոմանդ նահանգին, ինչի պատճառով 26 զինծառայող էր զոհվել։










