Ապրիլի 8-ին նախատեսված մեկ միլիոնանոց երթը կանցկացվի մայիսի 1-ին
«Մեկ միլիոնանոց բողոքի երթ»-ի նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր ասուլիս էր հրավիրել հայտարարելու, որ ապրիլի 8-ին նախատեսված մեկ միլիոնանոց խաղաղ երթը դեպի նախագահի նստավայր հետաձգվում է և այն կանցկացվի մայիսի 1-ին:
Անդրադառնալով երթը հետաձգելու որոշմանը, ռեժիսորը պարզաբանեց, որ իրենք ստիպված եղան ոչ թե իշխանութանը բացատրություն տալ, այլ նաև այսօր ստեղծված ընդդիմադիր շարժմանը և նրա համախոհներին:
«Նրանք հենց սկզբից կասկածանքով և հակակրանքով վերաբերվեցին այդ նախաձեռնությանը»,-ասաց նա և ավելացրեց, թե իրենց մեղադրում են նրանում, իբր իրենք փորձում են «գողանալ, ստվեր գցել, սադրել կամ ընդհանրապես խանգարել ապրիլի 9-ի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք երդմնակալության միջոցառմանը:
Արշակ Զաքարյանը հավատացնում է, որ կոնկրետ ինքն այս երթը նախաձեռնել էր ոչ թե նրանց խանգարելու, այլ լրացնելու համար՝ որպես օգնություն:
«Ցավոք, մենք չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի: «Ժառանգության» ներկայացուցիչների և կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խոսելուց հետո եկանք եզրակացության, որ չենք խանգարելու, քավության նոխազ չենք ուզում հանդես գալ, քանի որ կարող ենք ստվեր գցել, ինչ-որ ձև իշխանություններին տալ հնարավորություն, մենք ընդամենը որոշեցինք քաղաքացիական երթը հետաձգել»,- ասաց նա և նշեց, թե ինչու հենց մայիսի 1-ին:
«Նախ այդ օրը Աշխատավորների միջազգային օրն է և այդ խավն է, որ բողոքում է, որ այլևս այսպես հնարավոր չէ: Բացի այդ, արդեն շատ բան պարզ կլինի դիմադիր և ընդդիմադիր ուժերի գործունեության մեջ, արմատական բարեփոխումներն անելու համար»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը որոշել է միանալ այս նախաձեռնությանը: «Որովհետև սա գործնական առաջարկ է, որ հնարավորություն է տալիս, միավորվել քաղաքական և քաղաքացիական ուժերին, մայիսի 1-ին ստեղծել մարդաշատ երթ, որով ցույց կտրվի, որ մեր հանրությունը չի հանդուրժում անօրինական իշխանություններին, չի ենթարկվելու նրանց և պատրաստ է իր անհնազանդությունը հայտնելու»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը ավելացրեց, որ անհրաժեշտ է մինչև երթը գումարել շահագրգիռ ուժերի ժողով, որը կանցկացվի ապրիլի 12-ին: «Այդ հանդիպումը բաց է լինելու բոլորի համար, ով հետաքրքրված է երկրի խնդիրներով, կոռուպցիոն համակարգով»,- եզրափակեց նա:










