Ուկրաինական կենսաչափական անձնագրերում երկրի անունը սխալ է գրվել
Ուկրաինայի կառավարության կողմից հաստատված բիոմետրիկ անձնագրի օրինակում սխալ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «15 минут»-ին:
Փաստաթուղթը կազմողները սխալ են թույլ տվել երկրի անվան արաբերեն տարբերակում: Երկրի անունն արաբերեն լեզվով գտնվում է ուկրաինական զինանշանի պատկերի կողքին:
Սխալի մասին առաջին անգամ հայտնել է ղրիմյան պատմաբան Օլեկսա Գայվորոնսկին՝ իր Facebook-ի էջում նշելով, որ արաբերեն մասում երկրի անունը գրված է «ՈՒՐԿԱինա»:
Իսկ արաբագետներն անձնագրի օրինակում միանգամից մի քանի սխալ են հայտնաբերել: Ըստ նրանց, արաբական տարբերակում երկրի անունը պետք է հնչի «Ուկրանիյա», սակայն փաստաթղթում արաբերեն գրած է «Ուրկանիյ»:
Պետական միգրացիոն ծառայությունում, որը զբաղվում էր օրինակի ստեղծմամբ, հայտնել են, որ չգիտեն, թե առաջարկված տարբերակներից որն է հաստատել կառավարությունը:
Օրենքը, որը նախատեսում էր Ուկրաինայում բիոմետրիկ անձնագրեր կիրառել, նոյեմբերին ստորագրվել էր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից: Ըստ օրենքի, բիոմետրիկ հիմքի վրա կտեղափոխեն Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը, վարորդական իրավունքը, ինչպես նաև մի շարք ուրիշ փաստաթղթեր: Նրանցում կտեղադրվեն հատուկ չիպեր, որոնցում գրված են սեփականատիրոջ տվյալները:










