Լավ կլինի, որ մինչև ապրիլի 9–ը կողմերը գոնե ճանապարհային քարտեզ ձևավորեն. Ալ. Արզումանյան

12:17 • 28.03.13

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դրական է համարում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված քաղաքական իրավիճակում փորձում են երկխոսության միջոցով հաղթահարել առկա ճգնաժամը և կարծում է, որ լավ կլինի, որ մինչև նախագահի երդման արարողությունը կողմերն ունենան ճանապարհային քարտեզ։ 


«Լավ կլինի, որ մինչև ապրիլի 9–ը կողմերը կարողանան գոնե ճանապարհային քարտեզ ձևավորել»,–այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ցույց են տալիս, որ այս ամենը իրավիճակի սրացման չի տանի։
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կարողանան նստել և բանակցություններ վարել։ Ես կողմ չեմ, որ մինչ բանակցությունները սահմանվի ինչ–որ նշաձող, բայց, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց շուրջ պետք է բանակցել, և դա բխում է Հայաստանի շահերից»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց որոշելիքն է, թե ինչ ձևաչափով կանեն դա։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է մոտ 59 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մոտ 37 տոկոս։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են և մարտի 10-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։


Ալեքսանդր Արզումանյանը համարում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն այս պահին մնում է բանակցելը։ «Րաֆֆին իր ոճն ունի, և դա, գուցեև, աշխատում է»,– ասաց նա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին մաղթելով առողջություն և տոկունություն։


Արզումանյանի խոսքով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շահագրգռված է ընդդիմադիր դաշտի հաջողությամբ։ Ինքն անձամբ մեկ–մեկ այցելում է արդեն 19-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց պասիվ է, քանի որ, ինչպես ինքն ասաց, ինքն այդ գործընթացներում չի կարող ազդեցություն ունենալ և ձգտում է չլինել։