Նախագահի հետ Ր. Հովհաննիսյանի հանդիպումը պետք է կայանա միայն Ազատության հրապարակում. Ա. Մարտիրոսյան

13:49 • 28.03.13

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը պետք է կայանա միայն Ազատության հրապարակում, այսօր այնտեղ հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
 

Նա այս հայտարարությունն արեց ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով այն, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությունում ասվում է, թե ՀՀ նախագահի հանդիպումներն անցկացվում են նախագահական նստավայրում, հնարավո՞ր է, որ այս հարցում Րաֆֆի Հովհաննիսյանը գնա փոխզիջման:


Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպման համար դրանից ավելի լավ վայր չի տեսնում, ապա ավելացրեց, որ այստեղ է սկսվել 88-ի շարժումը, իսկ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին 1965-ին Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ այստեղ են հավաքվել:

Հիշեցնենք, որ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի երեկ տարածած հայտարարությունում նշվում էր, որ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում, ս. թ. մարտի 25-ի նամակում նրա արած առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում: Այսինքն` փաստացի մերժվել էր Ազատության հրապարակում հանդիպելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ավել վաղ արված առաջարկը։

«Ժառանգության» փոխնախագահն այնուհետև նշեց, որ ինչպես Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ասվում էր՝ «Մեր հետևում Մոսկվան է, այնպես էլ հիմա շարժումը այլ ուղի չունի՝ «Մեր պայքարի հետևում Հայաստանն է», և ստիպված են պայքարել մինչև հաղթանակ՝ անկախ նրանից, թե որքան խոչընդոտներ կլինեն:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ շատ դժվար է պայքարել, ոչ միայն իշխանությունների դեմ, այլև իրենց փորձագետ հռչակած անձանց ու լրատվամիջոցների դեմ, որոնք մեկնաբանելով Ազատության հրապարակի գործընթացները՝ փորձում են ուղղորդել, որ արվող առաջարկները առևտուր է պաշտոնների ինչ-որ պահանջ:

«Չեն ցանկանում բառիս բուն իմաստով տեսնել, առաջին պարբերությունը՝ վերջին նախադասությունը, որտեղ հստակ գրված է՝ առաջին հերթին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա։
 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ մարդիկ ավելի վատն են, քան իշխանությունները, որոնք «ճակատային» ձևով, ըստ նրա, ասում են՝ «մենք սա ենք, մենք կոռուպցիայով պետք է զբաղվենք», ապօրինություններով, ընտրություններ կեղծելով:
 

«Ժառանգության» փոխնախագահը ևս մեկ անգամ կրկնեց, որ վճռական են, որ լծվել են բովանդակային պայքարի, այլ ոչ շոուի, պաշտոնակռվի ու իմիտացիոն գործընթացի:


Ասուլիսին հարց հնչեց այն մասին, որ ում նկատի ունի Արմեն Մարտիրոսյանն ասելով՝ «Օգնենք իշխանության ողջախոհ երիտթևին»: Նա հստակեցրեց, որ դա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում գտնվող այն անձանց, որոնք իրենց մեջքին անցյալի ծանր բեռ չունեն:

Անդրադառնալով այս օրերին հրապարակված սոցհարցումներին, ըստ որոնց՝ երևանցիների 60 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ՀՀԿ ցուցակի առաջին համար, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այլևս ժամանակավրեպ է համարում նման հարցումների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելը, միայն նկատեց, որ դրանք վատ հարցումներ են. կարող էին 90 տոկոս տալ Տարոն Մարգարյանին:
 

Նա նաև հիշեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ էլ, ըստ նմանատիպ հարցումների, ՀՀ քաղաքացիների միայն 10 տոկոսն էր Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, բայց հետո ստիպված եղան այդ թեկնածուի արդյունքները կեղծելու համար զբաղվել ձայնագողությամբ և թվանկարչությամբ:
 

Հենց այսօր էլ Արմեն Մարտիրոսյանին որոշ քաղաքացիներ տեղեկացրել են նախապատրաստվող ընտրակաշառքների մասին ՝առայժմ տվյալների հավաքագրման տեսքով:

Նաև, ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ ՀՀԿ-ն փորձում է Րաֆֆի Հովհաննիսյանի և «ժառանգության» անվան տակ ներթափանցել քաղաքացիների տներն ու անձնագրային տվյալներ հավաքել: Բայց դա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պետք է լինի ոչ թե «Ժառանգության», այլ Ոստիկանության ու ԱԱԾ խնդիրը: Ի վերջո, նրանց գործառույթները միայն գործակալական ցանցի միջոցով ընդդիմությանն ու ակտիվիստներին հետևելը չէ: Ինչն, ի դեպ, օրենքով արգելված է:
 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը հայտարարել է ընտրություններին ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբ նախաձեռնելու մասին: Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ «Բարև Երևանը» կմիանա, եթե տեսնի իրական պայքար, ոչ այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններին միասնական շտաբի գործունեության շրջանակներում:

 

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Սկայպով» խոսել են Գլենդեյլի հանրային գրադարանում հավաքված մարդկանց հետ, իսկ վաղն էլ նման «հանդիպում» կանցկացվի Գերմանիայում ապրող մեր հայրենակիցների հետ: