Իսրայելը վերաբացել է Գազայի հետ միակ տերմինալը
Իսրայելը վերսկսել է ապրանքների և հումանիտար օգնության մատակարարումը Գազայի հատված՝ մեկ շաբաթվա դադարից հետո բացելով միակ բեռնափոխադրման տերմինալն ընդհանուր սահմանի վրա, հայտնում է РИА Новости-ն:
Այս մասին տեղեկացրել են իսրայելցի զինվորականներն ու պաղեստինյան իշխանությունները:
Սահմանային «Քերեմ-Շալոմ» անցումը փակվել էր անցած հինգշաբթի, երբ զինյալները 2 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դրա հետևանքով զոհեր չէին եղել, սակայն արձակումը համընկել էր տարածաշրջան Օբամայի այցին:
Սպասվում է, որ վերաբացումից հետո «Քերեմ-Շալոմով» բեռներով 373 ավտոմեքենա կանցնի:
Միջադեպից հետո Իսրայելը կրկնակի կրճատել էր նաև Միջերկրական ծովի ջրային տարածքը, որտեղ թույլատրված է պաղեստինցի ձկնորսների աշխատանքը: Այժմ նրանք վախենում են 3 կմ-ից ավելի առաջանալ ծովում:










