Յակուտիայում վանդալները կոտրել են Լենինի հուշարձանը
Ռուսաստանի մաս կազմող Յակուտիայի Հանրապետության գյուղերից մեկում անհայտ անձիք պատվանդանից նետել են Լենինի հուշարձանը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուրևային։
«Ընկնելու հետևանքով հուշարձանը բաժանվել է մի քանի խոշոր կտորների, որոնք ժամանակավոր հանձնվել են թանգարանին, մենք այն կվերականգնենք»,- Վերխնեվիլյույսկ գյուղում տեղի ունեցածի մասին պատմել է Գուրևան։
Նրա խոսքով՝ վերականգնողական աշխատանքների ժամանակը դեռ որոշված չէ, նաև դեռ գնահատված չէ այդ աշխատանքների համար անհրաժեշտ գումարի չափը։
Արձանը կանգնեցված է եղել տեղի վարչության շենքի հարևանությամբ։ Ոստիկանությունը փնտրում է վանդալներին։










