Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան շատ բան կարող են տալ միմյանց. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային միավորում են ոչ միայն գազատարներն ու նավթատարները, այլ նաև քաղաքականությունն ու մշակույթը։ Այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ իր գործընկերների հետ եռակողմ հանդիպումից առաջ։
«Մենք սկսել ենք համագործակցել նոր ձևաչափով՝ Տրապիզոնի համաձայնագրի շրջանակներում, որը ենթադրում է հարաբերությունների խորացում ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային, հանրային և այլ ոլորտներում։ Մենք կարող ենք այս ոլորտներում ինչ-որ բաներով կիսվել»,-ասել է նա։
Փանջիկիձեն նշել է, որ հանդիպման ընթացքում որոշվելու է համագործակցության նախագիծը 2013-2015թթ.-ի համար։
«Մենք շատ բան կարող ենք տալ միմյանց, և մեր համագործակցությունն արդյունավետ է լինելու»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Բաթումիում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։










