Սիրիացի ապստամբներն իրանական ինքնաթիռ են խփել (տեսանյութ)
Սիրիացի ապստամբները մարտի 28-ին հայտարարել են, որ նրանց հաջողվել է խփել իրանական ռազմական բեռնատար ինքնաթիռ, որը միանգամից ընկել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի տերմինալի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ըստ ականատեսների, դրանից անմիջապես հետո օդանավակայանում հրդեհ է սկսվել, իսկ այնտեղից ելնող ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից: Սիրիայի կառավարությունը նույնպես հաստատել է, որ օդանավակայանում հրդեհ է, սակայն նրանք նշում են, որ ինքնաթիռն այստեղ կապ չունի, հրդեհը սկսվել է էլեկտրականության հետ խնդիրների արդյունքում: Իրանական իշխաություններն այս փաստը չեն մեկնաբանում:
Նախկինում ապստամբները մի քանի անգամ մոտեցել էին օդանավակայանին, ինչը նրանց հնարավորություն էր տվել ուղղակիորեն կրակել վայրէջք կատարող ինքնաթիռներ վրա: Սակայն այդ ամենը լուրջ հետևանքներ չէր ունեցել, իսկ կառավարական ուժերին ամեն անգամ հաջողվում էր ապստամբներին դուրս մղել իրենց գրաված տարածքներից:
Ավելի վաղ արևմտյան հատուկ ծառայությունները և ապստամբները բազմիցս նշել էին, որ Իրանը Սիրիային զենք և զինամթերք է մատակարարում, իսկ Թեհրանը և Դամասկոսը հերքում էին նման պայմանավորվածությունները:










