Volkswagen Golf VII-ը ճանաչվել է տարվա լավագույն մեքենա

23:57 • 28.03.13

7-րդ սերնդի Volkswagen Golf-ը Նյու-Յորքում ընթացող միջազգային ավտոսրահի ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն մեքենա: Եզրափակիչում նա անցել է այնպիսի մեքենաների, ինչպիսիք են Porsche Boxster-ը, Porsche Cayman-ը , Mercedes A-Class-ը, Toyota GT 86-ը, Subaru BRZ-ը:


Որոշումը կայացրել է հեղինակավոր ժյուրին, որը կազմված էր 23 երկրների 66 լրագրողներից: Ըստ գործող կանոնների, ժյուրիի անդամները ընտրությունը կատարում էին այն մեքենաների թվից, որոնք 2012 թվականին արտադրվել և վաճառվել են առնվազն 2 մայրցամաքներում:


Volkswagen Golf-ի 7-րդ տարբերակը՝ աշխարհում ամենահայտնի և ամենաշատ վաճառվող հեթչբեկներից մեկը, անցյալ տարվա սեպտեմբերին ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում: Մեքենան թարմացվելուց հետո դարձել է ավելի թեթև և մեծացել է չափսերով: Golf VII-ը վաճառվում է 4 տարբեր հզորության շարժիչներով, որոնք դարձել են ավելի տնտեսող: Մարտին մեքենան ճանաչվել էր Եվրոպայի «Տարվա մեքենա»:


2013 թվականի լավագույն սպորտային մեքենայի կոչումը ստացել են Porsche Boxster-ը և Porsche Cayman-ը: Տարվա էկոլոգիապես ամենամաքուր մեքենա է դարձել Tesla Model S-ը, իսկ լավագույն դիզայն մրցանակին է արժանացել Jaguar F-Type-ը:
 

Volkswagen Golf VII-ը ճանաչվել է տարվա լավագույն մեքենա