Վոլոգդայում բեռնատարը բախվել է մանկատան սաների տեղափոխող ավտոբուսին. զոհերի և տուժածների թվում կան հայեր

13:46 • 28.03.13

ՌԴ Վոլոգդայի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է մանկատան երեխաների տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսն այրվել է։ Վթարի հետևանքով կա 6 զոհ, 18 վիրավոր, հայտնում է Life News-ը։

 

Ավտոբուսում գտնվել է 25 երեխա։ Վոլոգդայում էքսկուրսիայից հետո երեխաները վերադառնալիս են եղել Սանկտ Պետերբուրգի թիվ 8 մանկատուն։

 

Վթարը տեղի է ունեցել ժամը 12.00-ի սահմաններում, Վոլոգդա–Նոր Լադոգա մայրուղու 110-րդ կմ-ին։ Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը քնել է ղեկին։

 

Life News-ի տվյալների համաձայն՝ վարորդներից մեկը հայ է՝ 1960թ.-ին ծնված Ալբերտ Ֆիրյան (չի ասվում՝ բեռնատարի, թե ավտոբուսի վարորդ)։ Նա, ինչպես նաև մյուս վարորդը մահացել են։ Զոհերից 4-ը մանկատան աշխատակիցներ են և բեռնատարի մի ուղևոր։ Ըստ Life News-ի՝ տուժածների թվում նույնպես հայեր կան՝ Ռուսլան և Զարինա Գրիգորյանցները՝ համապատասխանաբար 1998թ. և 1995թ. ծնված։
 

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և փրկարարական խմբերը։