Ամերիկահայերն ու հույները Վաշինգտոնին կոչ են արել պահանջել Անկարայից դադարեցնել Հայաստանի շրջափակումն ու Կիպրոսի բռնազավթումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ հայտարարեց, որ Վաշինգտոնը շուտով բանակցություններ է սկսելու Եվրամիության հետ՝ Անդրատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Դրանից հետո թուրքական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահին` կոչ անելով Եվրամիության հետ բանակցություններին զուգահեռ բանակցություններ սկսել Անկարայի հետ` Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար:
Թուրքիայի վարչապետի նամակի առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հելլենական ուսումնասիրությունների ինստիտուտը համատեղ նամակ են հղել ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցիչ Դեմետրիոս Մարանտիսին՝ կոչ անելով Թուրքիա-ԱՄՆ առևտրի համաձայնագիր կնքելու դիմաց Անկարայի առջև նախապայման դնել՝ դադարեցնել Կիպրոսի ապօրինի բռնազավթումը (1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն` հայտարարելով, որ չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը-Tert.am) և Հայաստանի անօրինական շրջափակումը (ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994թթ.) Անկարան, ի աջակցություն Ադրբեջանի,1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը և խզեց դիվանագիտական հարաբերությունները մեր երկրի հետ-Tert.am):
« 2013թ. մարտի 20-ին Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրեց, որ մտադիր է բանակցել Եվրամիության հետ՝ Անդրատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Այդ համաձայնագրին (ԱՄՆ և Եվրոպայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը) միանալու և ԱՄՆ-ի հետ առանձին Ազատ առևտրի համաձայնագիր կնքելու Թուրքիայի շահագրգռվածությունը մենք մտահոգիչ ենք համարում: Մեր համայնքների անունից Բարաք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում երաշխավորել, որ Թուրքիայի Հանրապետության հետ առևտրային ցանկացած համաձայնագիր կնքելիս (ինչպես երկկողմանի, այնպես էլ Եվրամիության հետ համաձայնագրի շրջանակում) որպես օրինական ուժ ունեցող նախապայման Անկարայից պահանջելու է դադարեցնել Հայաստանի անօրինական տնտեսական շրջափակումն ու Կիպրոսի ապօրինի բռնազավթումը»,-ասված է նամակում:
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հելլենական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Նիք Լարիգակիսն իրենց համատեղ նամակում ընդգծել են, որ Թուրքիայի նման պետության հետ առևտրային համաձայնագիր կնքելը չի բխում ԱՄՆ ժողովրդի շահերից: «Մենք ողջունում ենք ԱՄՆ ներդրումների և առևտրի ոլորտի ընդլայնմանն ուղղված բոլոր այն նախաձեռնությունները, որոնք հիմնված կլինեն օրենքի գերակայությունը հարգելու և արդար մրցակցային դաշտ պահովելու սկզբունքների վրա: Թուրքիայի պարագայում, սակայն, ակնհայտ է, որ աջակցությունը մի պետության, որը Եվրամիության անդամ երկիրը բռնազավթելով և Հայաստանի հետ սահմանը փակելով մեծապես վնաս է հասցնում համաշխարհային առևտրային համակարգի ամբողջականությանը, չի նպաստում մեր ազգային շահերին, բարեկեցությանը ու հիմնարար արժեքների պահպանմանը…. »,-նշված է նամակում:
Արամ Համբարյանը և Նիք Լարիգակիսը նաև նշել են, որ ուրախ կլինեն հանդիպել Մարանտիսի, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցչի վարչության մյուս անդամների հետ՝ խնդրի առնչությամբ առավել մանրամասն քննարկումներ անցկացնելու համար:










