Արդյոք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր բացառիկ ունակությունը բավարա՞ր է քաղաքապետ դառնալու համար. Աշոտյանը՝ Օսկանյանին
ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի այսօր Facebook-ի էջում արած գրառմանը, որում Օսկանյանը անդրադարձել էր Երևանի այսօրվա խնդիրներին և ընտրություններում հաղթելու դեպքում իրենց անելիքներին։
Աշոտյանը գրել է
Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին՝ Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:
Ընդհանուր առմամբ, Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չէր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:
Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա, շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:
Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն, ինչու ոչ:
Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:
Հարց 1. Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:
Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղեն ա»
Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչու՞ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:
Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:
Հարց 5. Արդյոք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարա՞ր է լինելու մեր՝ երևանցիներիս, ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար:










