«Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունները և Արցախի մայր բուհը համագործակցության համաձայնագիր են կնքել

14:31 • 29.03.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Այնուհետև նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:


Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:


Երկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության և գիտության առաջընթացի տեսանկյունից: Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար: