Google Glass ակնոցները կհավաքեն չինացիները, սակայն ԱՄՆ տարածքում
Google ընկերության «խելացի» ակնոցները, որոնք ունեն տեսախցիկ, անլար կապ և համապատասխան ծրագրային ապահովում, կարտադրի թայվանական Foxconn (Hon Hai) ընկերությունը, սակայն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի գործարանում, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով The Financial Times պարբերականին։
Foxconn-ի և Google-ի ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից։
Ըստ The Financial Times-ի՝ Google-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու արտադրությունը տեղակայելու որոշումը բացատրվում է սարքի բարձր ինքնարժեքով և կառուցվածքի բարդությամբ։
Այսպիսով, Google-ի ինժեներները հնարավորություն ունեն առավելագույնս խիստ վերահսկել նոր գաջեթի հավաքման գործընթացը։
Մի քանի շաբաթվա ընթացքում ընդամենը 8 հազար սարք կարտադրվի սահմանափակ թվով մարդկանց համար, ովքեր նախնական պատվերներ էին գրանցել։ Ակնոցները կստանան նաև հատուկ մրցույթի մասնակիցները, ընդ որում՝ ոչ անվճար։ Առավել մեծ խմբաքանակով դրանք խանութներում կհայտնվեն 2014թ. սկզբին։
Սարքի արժեքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Google-ի համահիմնադիր և ընկերության տեխնոլոգիական մշակումների ղեկավար Սերգեյ Բրինը հարցազրույցներից մեկում ասել է, որ այն կկազմի մոտ 1.500 դոլար։










