Իրանն ու Սիրիան դեմ են արտահայտվել ՄԱԿ-ում զենքի վաճառքի մասին պայմանագրին

09:06 • 29.03.13

ՄԱԿ-ի անդամ երկրներին չի հաջողվել համաձայնության հասնել աշխարհում զենքի վաճառքը կարգավորող պայմանագրի ընդունման հարցում, հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։

Ինչպես նշվում է, ՄԱԿ-ում 10 օր քննարկման դրված փաստաթղթին դեմ են արտահայտվել Իրանը, Հյուսիսային Կորեան ու Սիրիան։

 

Այս երկրների ներկայացուցիչները պայմանագիրն անհավասարակշիռ են համարել և մտավախություն հայտնել, որ փաստաթղթի ընդունումից հետո զենքի հիմնական մատակարարները կարող են իրենց պայմանները թելադրել այլ երկրների։ Բացի դրանից, նրանք ընդգծել են, որ փաստաթուղթը չի պարունակում անկախ պետություններին զենք գնելու անվերապահ թույլտվություն՝ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

 

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, աշխարհում զենքի հիմնական արտահանողներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

 

Պայմանագրի ընդունման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ 193 երկրների հավանությունը։ Սակայն, համաձայնության չհասնելու դեպքում պայմանագրի նախագիծը կարող է դրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության, որտեղ դրա ընդունման համար բավական կլինի պետությունների երկու երրորդի աջակցությունը։ Սպասվում է, որ նման քվեարկություն կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։