Հայաստանում ամենամեծ չարիքը արդարադատության և հացի պակասն է. ՄԻՊ

13:41 • 29.03.13

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով Պաշտպանի 2012-ի տարեկան զեկույցը, ասաց, որ Հայաստանում ամենամեծ չարիքը արդարադատության պակասն է և սոցիալական խնդիրների առկայությունը, այսինքն` հացի պակասը և ինքը հենց դրանից էլ սկսել է իր զեկույցը։


Ըստ նրա, զեկույցում ընդգրկվել է 22 օրենքով պետական անկախ մարմինների գործունեությունը։


«Զեկույցում այս մարմինների գործունեությունից 148 համակարգային պրոբլեմներ ենք դուրս բերել: Հայաստանում չեք գտնի որևէ քաղաքացի, որը չի ունեցել խնդիր այս 148 պլոբլեմի հետ` սկսելով դատական մարմինների ցավալի վիճակից, ապա արդեն տեղական մարմինների, քաղաքապետարանի խնդիրների, ինչից հետո եղան բուռն արձագանքներ»,- ասաց նա:


Կարեն Անդրեասյանը հավատացնում է, ոլորտների խնդիրները վեր հանելով, իրենք բացարձակ միտում չեն ունեցել հեղինակազրկել կոնկրետ գերատեսչության: Իսկ ինչ վերաբերում է արձագանքներին, ապա նա առանձնացրեց նախ օրինակելի արձագանքները, ապա խոսեց արդեն իր զեկույցին հաջորդած «խայտառակ» քննադատություններին:


ՄԻ պաշտպանը նշեց, որ ամենադժվար ոլորտներից է Ոստիկանությունը, բայց ոստիկանապետի արձագանքը նա գնահատեց շատ օրինակելի, որից պարզ է դառնում, որ մինչև չլսես մատնանշված խնդիրները, լուծումներ չես գտնի։ Ապա նա անդրադարձավ առողջապահության ոլորտին, իսկ «ամենախայտառակ արձագանքը», ըստ նրա, դատական իշխանության արձագանքն էր, այնուհետև` Արդարադատության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանինը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինը (ՏՄՊՊՀ) և Պետական եկամուտների կոմիտեինը:


«Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները, որ խոսում են բարձր ղեկավարության անունից, ոչ միայն հակաիրավական պնդումներ են անում, այլ նաև այդ հայտարարությունից պարզ է դառնում, որ անհույս է, որ այդ համակարգը կշտկվի և կդառնա լավը: Այն դեպքում, երբ պաշտոնական հարցումների տվյալներով, դատական դեպարտամենտին հասարակության 70%-ը չի վստահում»,- ասաց նա:


Արդարադատության նախարարությանը արձագանքը, ըստ նրա, անտեղին էր։ «Իրենց իրավական գիտելիքներով հասարակությանը ոչ թե դեպի ճշմարտությունն են ուղղորդում, այլ փորձում են մոլորեցնել: Հաջորդը ՏՄՊՊՀ-ի գնահատականը, որտեղ զեկույցի իրենց մասը որակել էին «տարօրինակ»»,-ասաց նա։


«ՏՄՊՊՀ-ն հատվածական է անդրադառնում խնդիրներին և վերցնում է մեկ օլիգարխին և սպասում, որ հասարակությունը ծափահարի այդ մեկ քայլի համար: Տարօրինակն այն է, որ իրենք անտեսում ենք այն, ինչ կատարվում է մրցակցության ոլորտում»,- ասաց ՄԻ պաշտպանը և անցավ ՊԵԿ-ի գնահատականին, որը «կոռեկտ էր արտահայտվել», միաժամանակ չնշելով, թե ինչի հետ համաձայն չի:


«Ո՞վ չգիտի, որ կան պաշտոնյաներ ՊԵԿ-ում, որ իրենց ընտանիքի մեկ այլ անդամի անվան տակ զբաղվում են բիզնեսով»,- հարցրեց Կարեն Անդրեասյանը՝ ավելացնելով, որ չի պատրաստվում մեկնաբանել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների քննադատությանը, քանի որ նրանց արձագանքը մասնագիտական չէ: