Աշխարհում գրեթե 50 մլն համակարգիչ վարակված է վիրուսով. «Կասպերսկու լաբորատորիա»
Ամբողջ աշխարհում գրեթե 50 մլն համակարգիչ վարակված է վնասակար ծրագրերով, ասվում է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հետազոտության նյութերում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Փորձագետները նշում են, որ խոսքը միայն Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մասին է։
Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ համակարգիչների մոտ 5%-ը, որոնցում տեղադրված են հակավիրուսային ծրագրեր, միևնույն է, ենթարկվել են վարակման, իսկ «չպաշտպանված» սարքերի դեպքում այդ թիվը 13% է։
Նման տվյալներ մասնագետները ստացել են՝ վերլուծելով տարբեր երկրներից ստացված հարցումները։ Ամենից շատ «հիվանդ» համակարգիչներ հայտնաբերվել են Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Թուրքիայում։ Համակարգչային «առողջության» տեսանկյունից ոչ լավ վիճակում են Ինդոնեզիան, Թաիլանդը, Ֆիլիպինները, Վիետնամը, Հնդկաստանը և Եգիպտոսը։ Ամենաքիչ վարակները գրանցվել են Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Չեխիայում և Սկանդինավյան երկրներում։
Ըստ տարբեր գնահատականների՝ աշխարհում հաշվվում է 1.5-2 մլրդ անհատական համակարգիչ, որոնց երկու երրորդը սարքեր են, որոնք օգտագործվում են տանը կամ ոչ մեծ ընկերություններում։ Հենց այդ համակարգիչներն էլ առավել շատ են ենթարկվում վարակման։










