Ամերիկացի մի զույգ ամուսնացել է թաղման արարողության ժամանակ

13:46 • 29.03.13

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքից մի զույգ ամուսնացել է հարսնացուի հորեղբոր դագաղի մոտ, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Philadelphia Daily News-ին հղումով։


Այդ կերպ նրանք հարգել են հանգուցյալ Սքոթ Ուեյդի հիշատակը, ով պատրաստվում էր հարսնացուին խորան ուղեկցել, քանի որ նրա հայրը վաղուց է մահացել։

 

Ռեջին և Մոնիկը միասին ապրում են արդեն 8 տարի և ունեն երեք երեխա, սակայն նրանք օրենքով չէին ամրագրել իրենց հարաբերությունները։ Ռեջին ամուսնության առաջարկ էր արել Մոնիկին միայն 2012թ.-ին։


Նրանք պետք է հարսանիքն անեին ապրիլին, սակայն նրանց պլանները փոխվել են, երբ անսպասելի մահացել է Մոնիկի հորեղբայրը։


Սքոթին հրաժեշտ տալու համար հավաքվել է ավելի քան 2.000 մարդ, սակայն միայն 850 մարդ է տեղավորվել եկեղեցում և հնարավորություն ստացել տեսնելու անսովոր պսակադրությունը։