Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՀՀ արդյունաբերողների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց Հայաստանի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ավելի քան 100 արդյունաբերական ընկերություններ։
Ամփոփելով ներկա տնտեսական իրավիճակը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին 25 տարիներին ձևավորվել է ժողովրդական տնտեսության նոր իրողություն։
«Առաջին անգամ 2 տարի առաջ մեր կառավարությունը Դիլիջանում կազմակերպեց մեծ քննարկում, որին մասնակցում էին տարբեր երկրներից եկած փորձառու մասնագետներ։ Մենք հանրության դատին հանձնեցինք նոր տնտեսական քաղաքականություն, որն արժանացավ ձեր հավանությանը»,– ասաց նա։
Վարչապետի ներկայացմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ իրականացնում է համալիր ծրագիր, արդյունքն ակնհայտ է լինում։ Ըստ նրա՝ լավագույն օրինակը բանկային համակարգն էր, որը նույնպես Սովետական Միության փլուզումից հետո ապրեց տարերային փուլ։
«Այն պահին, երբ պետությունը հաստատեց ոլորտի կարգավորման հստակ ռազմավարություն, մենք այսօր արդեն ԱՊՀ տարածքում ունենք կայուն բանկային համակարգ»,– հավելեց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ Կառավարությունը հանրությանը ներկայացնում է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավոր հատվածի հետ։
Նա կոչ արեց արդյունաբերողներին լինել ակտիվ և ներկայացնել բիզնեսի իրենց առաջարկները։ «Մենք հրապարակավ ներկայացնելու ենք այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու ենք այս կամ այն բիզնեսին աջակցելիս»,– ընդգծեց նա։
Վարչապետի փոխանցմամբ՝ առաջնահերթ օժանդակություն են ստանալու այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ, գրագետ մենեջմենթ, ինչպես նաև այն դեպքում, երբ մի քանի ձեռնարկություններ կմիավորվեն և միասնական ծրագրեր կիրագործեն։
Տիգրան Սարգսյանը նշեց, որ ոլորտը կարող են կարգավորել հետևյալ ձևով. առաջին հերթին Կառավարությանը դիմում են այն ձեռնարկատերերը, ովքեր խնդիրներ ունեն։ «Շատ հաճախ անարդարացի քննադատություններ են հնչում հենց այն ձեռնարկատիրոջ կողմից, ով անգրագետ մենեջմենտի արդյունքում սննկացել է»,– ասաց Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա՝ այս տարի ստեղծվեց հանրապետական ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է աջակցել արտադրողին, և եթե այս ռազմավարությամբ շարունակեն աշխատել, 10 տարի հետո կունենանք հստակ տնտեսական կառուցվածք, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացնելով հանդիպման նպատակները, ասաց, որ այսօր կփորձեն հստակեցնել անելիքները, որոշակի արդյունքներ ամփոփել և ճշգրտել ծրագիրը։
«Այսօր մենք կարող ենք խոսել որոշակի արդյունքների մասին, և այն դրական դինամիկան, որն արդեն երրորդ տարին ունենք տնտեսության մեջ, արդեն ակնառու է»,– ասաց նա՝ նշելով, առաջիկա տնտեսական ռազմավարության հիմնական նպատակը լինելու է պետության և մասնավորի համագործակցության արդյունքում զարգացնել տնտեսությունը։
Հանդիպման ավարտին վարչապետը ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեց ներդրումային նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն արտահանման աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության ընդլայնմանը։
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012–ին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ավելի քան 1 տրլն դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8,8%–ով։










