ՌԴ-ում դատապարտյալը բանտից դուրս գալուց հետո ուրախությունից մահացել է
Ռուսաստանում 52-ամյա դատապարտյալի սիրտն ուրախությունից կանգ է առել՝ բանտից դուրս գալուց անմիջապես հետո։ Տղամարդը մահացել է նրան դիմավորել եկած կնոջ գրկում, տեղեկացնում է Life News-ը։
Վաղաժամ պայմանական ազատ արձակված դատապարտյալ Անդրեյ Շիշկանովը, ով պատիժը կրել է Վոլգոգրադի մարզում, երկար սպասված և ուրախալի լուրը ստացել է 5 տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո։
Կալանավայրի մոտ 28-ամյա կինն ամուսնուն տաքսու մեջ սպասելիս է եղել, երբ բացվել է դուռն ու նա վերջապես տեսել է սիրելիին։
«Նա այնքան ուրախ էր ազատության համար, մենք միասին դրան այնքան էինք սպասել։ Մենք գրկախառնվեցինք, սակայն հենց հաջորդ պահին Անդրյուշան բռնեց սիրտը։ Դողացող ձեռքերով ես փորձեցի շտապօգնություն զանգահարել, սակայն արդեն ուշ էր, Անդրեյը մահացել էր»,-պատմել է նրա կինը՝ Դարյա Շիշկանովան։
Թե ինչն է եղել մահվան պատճառը, ցույց կտա փորձաքննությունը։ Բժիշկների խոսքերով՝ տղամարդը, հավանաբար, սրտի նոպա է ունեցել հույզերի հետևանքով։










