Samsung-ը սկսում է Galaxy S IV սմարթֆոնի վաճառքը
Carphone Warehouse դիստրիբյուտորը սկսել է Samsung Galaxy S IV սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը, իսկ առաջին 2 հազար պատվիրատուները որպես նվեր կստանան Galaxy Tab 2 7.0. պլանշետ, հայտնում է vestifinance.ru-ն։
Բացի այդ, բոլոր պատվիրատուները կստանան աքսեսուարների հավաքածու՝ ավտոմեքենայում լիցքավորման սարք, պաշտպանիչ պատյան և էկրանի պաշտպանություն։
Վաճառքի մեկնարկին պատրաստվում են նաև ԱՄՆ-ում. Galaxy S IV-ի արժեքը սկսվում է 250 դոլարից։ Այդ արժեքով սմարթֆոնը կարելի է գնել ամերիկյան բջջային օպերատորներից մեկից՝ երկու տարվա պայմանագրով։ Նորույթի նախնական պատվերները, ըստ NBC-ի տվյալների, կընդունվեն ապրիլի 16-ից։
Ավելի վաղ հարավկորեական ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ վաճառքները կսկսվեն ապրիլին՝ միանգամից 155 երկրում։
Samsung-ը դեռ չի հասցրել սկսել իր նորույթի վաճառքը, երբ արդեն հայտնի են դարձել Galaxy S IV mini սմարթֆոնի մանրամասները, որը համարվում է Galaxy S IV-ի փոքր տարբերակը։
Galaxy S IV mini մոդելը համալրված է 960х540 պիքսել լուծմամբ 4.3 դյույմանոց էկրանով, երբ դրա «մեծ» տարբերակն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1920x1080 պիքսել լուծմամբ։ Այն ունի երկմիջուկ պրոցեսոր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կներկայացվի ամռանը։










