Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է սիրիացի փախստականներին արտաքսելու մասին տեղեկությունը

15:03 • 29.03.13

Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացրել է սիրիացի փախստականների ճամբարում չորեքշաբթի տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ իր տվյալները, ինչպես նաև հերքել է Թուրքիայից հարյուրավոր սիրիացիների արտաքսման փաստը, հայտնում է РИА Новости-ն։

 

«Մեր կողմից իրականացվում է Աքչաքալեի վրանային ճամբարի պաշտպանությունը, որտեղ բնակվում է ավելի քան 35 հազար սիրիացի։ Մարտի 27-ին մոտ 200 մարդուց բաղկացած մի խումբ, նախապես առանց որևէ բողոք կամ պահանջ ներկայացնելու, քարեր է նետել իրավապահ ուժերի ուղղությամբ։ Ոստիկանները ստիպված են եղել համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

 

ԱԳՆ-ն նշում է նաև, թե անկարգություններին չմասնակցած այլ սիրիացիներ բացասաբար են վերաբերվել ճամբարի անդորրը խոչընդոտող համերկրացիներին։

Կատարվածի մեջ մեղավոր 130 մարդուց բաղկացած խումբը, ըստ գերատեսչության, գիտակցելով, որ դատական լսումներ են սպասվում, ինչպես նաև խուսափելով բարկացած համերկրացիների արձագանքից, օգտվել է ինքնակամ վերադառնալու իրավունքից, ստորագրել համապատասխան փաստաթղթերն ու մեկնել Սիրիա։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ անկարգություններին մասնակցել է 2.000 մարդ, այնուհետ 600 սիրիացի արտաքսվել է Թուրքիայից։