Երևան-Վան ավիաչվերթը թուրքական իշխանությունների կողմից սառեցվել է

15:06 • 29.03.13

«Նարեկավանք Տուր» զբոսաշրջային գործակալության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, առ այն, որ թուրքական իշխանությունների կողմից սառեցվել է Երևան-Վան չվերթը։ Գործակալությունը միաժամանակ հույս է հայտնում, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը:
Ստորև ներկայացնում ենք այն։


Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ 2013 թ. մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով  հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը:


Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:


Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային  կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը:


Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ  նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների  կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից:


Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին  առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք, ի վերջո, թույլ տվեցին, որ
քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին:


Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը: