Բրազիլական մարզադաշտի բացման համար տոմսերի վաճառքն ուղեկցվել է բախումներով

20:36 • 30.03.13

2014թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիայի Սալվադոր քաղաքի «Ֆոնտե Նովա Արենա» մարզադաշտի բացման արարողության տոմսերի վաճառքի ընթացքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։
 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր կիրառել։ Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ կեսօրին տոմսարկղերում սկսել են վաճառել տոմսերը։ Որոշ երկրպագուներ դեռևս նախորդ օրվանից հերթ են կանգնած եղել։


Ականատեսների վկայությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տոմսարկղի մոտ արգելապատնեշի բացակայության պատճառով։ Ֆուտբոլի որոշ երկրպագուներ թեթև վնասվածքներ են ստացել, սակայն ձերբակալություններ չեն եղել։


Մարզադաշտի վերակառուցման աշխատանքները արժեցել են 330 մլն դոլար։ Հենց այս մարզադաշտում էլ տեղի է ունենալու Կոնֆեդերացիաների գավաթ 2013թ.-ի երեք խաղերն ու 2014թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 6 խաղերը։