Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրությունը հացադուլի նախավերջին օրը բարձր էր (տեսանյութ, լուսանկարներ)
Հացադուլի 21-րդ օրն էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ժպիտը չի պակասում դեմքից։ Նա շարունակում է բոլորին ժպտալ, բարևել։ Առավոտյան նրա կողքին արդեն նստած են կինը, աղջիկը, ավագ որդին։ Այսօր Հովհաննիսյանին էր այցելել նաև որդիներից Արմենը՝ իր շան հետ, որը շարունակ ցատկոտում էր, լիզում նրա ձեռքերը և կարծես ուրախության նշաններ ցույց տալիս։
Ազատության հրապարակում այսօր նրան այցելեց նաև Եզդիների համաշխարհային միության նախագահ Ազիզ Թամոյանը, և նրան ողջունելիս Հովհաննիսյանը բավարարվեց միայն բարև ասելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար։
Մարդիկ շարունակում են այցելել, Հովհաննիսյանին և իր ընտանիքի անդամներին, ծաղիկներ և նվերներ փոխանցել, ինչպես նաև ողջունել հացադուլը դադարեցնելու որոշումը։
Իսկ «Ժառանգության» առաջնորդը չի մոռանում իրեն մոտեցողներին հիշեցնել, որ այսօր հրապարակում կկայանա ռոք համերգ և հրավիրել մասնակցելու։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ վաղը՝ մարտի 31-ին կդադարեցնի հացադուլը։
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։










