Ռուսաստանում թմրամոլ մայրը փորձել է 10 հազ. դոլարով վաճառել իր երեխային

14:19 • 30.03.13

Ռուսաստանում 28-ամյա մայրը փորձել է 300 հազ. ռուբլով (մոտ 10 հազ. ամերիկյան դոլար) վաճառել իր երեքամյա դստերը: Ինչպես հաղորդում է ռուսական Ntv.ru կայքը, դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկ քաղաքում. ռուս իրավապահներն օրեր առաջ  օպերատիվ տեղեկություն են ստացել, որ 28-ամյա մի կին ցանկանում է վաճառել իր երեխային. ներկայացել են որպես «գնորդ», բանակցել են նրա հետ ու ձերբակալել:

 

Ձերբակալվածը երկու երեխաների մայր է և ամուսին չունի: Թե ինչն է դրդել նրան նման քայլի դիմել, չի հաղորդվում:

 

Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ սկզբում ցանկացել է վաճառել իր 20-օրական դստերը, հետո, սակայն, ինչ-ինչ պատճառներով մտափոխվել և որոշել է «ազատվել» երեքամյա աղջկանից:

 

Ավելի ուշ պարզվել է, որ կինը կախվածություն ունի թմրանյութերից: Երիտասարդ մայրը ձերբակալվել է, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ («մարդկանց վաճառքով զբաղվելը» հոդվածի հատկանիշներով):  Նրան մինչև տասը տարվա ազատազրկում է սպառնում: