Apple-ին մերժել են iPad Mini ապրանքանիշի գրանցման հարցում

17:42 • 31.03.13

Միացյալ Նահանգների արտոնագրեր տրամադրող գերատեսչությունը մերժել է Apple ընկերությանը iPad Mini առևտրային ապրանքանիշի գրանցման հարցում՝ պատճառաբանելով, որ դա հայտնի պլանշետի բացառապես «բնութագրիչ անվանումն է», հայտնում է Взгляд-ը։

 

Apple-ը դեռ ժամանակ ունի մինչև հուլիս ԱՄՆ ապրանքանիշների և արտոնագրերի գրանցման բյուրոյին ապացուցելու, որ այդ սարքը զգալիորեն տարբերվում է մնացածներից և որ արժանի է սեփական անվանման գրանցմանը։

 

Ներկայում ընկերությունը մի քանի արտոնագրային պայքար է մղում իր մրցակիցների հետ։

Նախորդ տարի այս ընկերությունը հաղթել էր իր գլխավոր մրցակից՝ հարավկորեական Samsung ընկերության դեմ դատը, սակայն մարտին ԱՄՆ դատարանը կարգադրել էր 40 տոկոսով նվազեցնել փոխհատուցման գումարի չափը։

Հիշեցնենք, որ Samsung-ը մեղավոր էր ճանաչվել Apple-ի միանգամից 6 արտոնագիր խախտելու համար, ինչի համար պարտավորվել էր 1.05 մլրդ դոլար վճարել ամերիկյան ընկերությանը։
 

Apple-ին մերժել են iPad Mini ապրանքանիշի գրանցման հարցում