Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի արդյունքը կերևա ապրիլի 9-ին. Արմեն Մարտիրոսյան

12:30 • 31.03.13

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 21-օրյա հացադուլի՝ շարժման մեջ ունեցած ներդրման մասին կարող է դատողություններ անել միայն մի փոքր սպասելուց հետո։


«Կարծում եմ այդ ամենի մասին դատողություն կարող ենք անել ամսի 9-ին»,- Tert.am-ի ասաց նա ի պատասխան հարցին, թե հացադուլն ի՞նչ տվեց շարժմանը։


Անդրադառնալով փաստին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները, Արմեն Մարտիրոսյան ասաց, որ դրա անհրաժեշտությունը, անշուշտ, կար։ «Այդ պահանջը, անընդհատ եղել է, նորից մարզեր այցելեն, գումարած դրան՝ ապրիլի 9-ի երդման արարողությանն ընդառաջ դրա անհրաժետությունը կար»,-ասաց նա։


«Ժառանգության» փոխնախագահը չի կարծում, որ հացադուլից դուրս գալը պայմանավորված է որոշ քաղաքական ուժերի քննադատությունից դասեր քաղելու հետ։


«Քաղաքական ուժերը, որոնք Ազատության հրապարակում չեն, հեռավորությունից խորհուրդներ են տալիս։ Ես կարծում եմ, մեր քաղաքացիները, որոնք այսօր ելել են պայքարի Ազատության հրապարակում, մեր հայրենիքի տարբեր Ազատության հրապարակներում, իրենք պետք է առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որոշեն պայքարի ինչ ուղի են ընտրում»,- հստակեցրեց նա։


Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, թե մնացած խորհրդատուներն, իհարկե, որպես գործընկերներ կարող են խորհուրդ տալ, բայց ի վերջո որոշողը այդ երկու սուբյեկտները պետք է լինեն։ «Ժողովդի մեծամասնությունը՝ նաև Ազատության հրապարակում պայքարող, և Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց նա և հրաժարվեց նշել, թե ինչ մեթոդներով պետք է համոզեն նույն ժողովրդին։ «Մենք ժամանակ չունենք, միասին կտեսնենք»,- եզրափակեց նա։