30 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է Կահիրեի և Թեհրանի միջև ավիահաղորդակցությունը
Եգիպտոսն ու Իրանը 30-ամյա դադարից հետո վերականգնել են երկրների միջև ավիահաղորդակցությունը, հայտնում է РБК-ն։ Կահիրեից թռիչք իրականացրած առաջին օդանավը մարտի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին, վայրէջք է կատարել Թեհրանի միջազգային օդանավակայանում։
Air Memphis ավիաընկերությանը պատկանող օդանավում գտնվել է Եգիպտոսում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի հավատարմատարը։
Երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր, երբ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո արաբական աշխարհի բացասական վերաբերմունքի պատճառով իջեցվել էր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Վաել ալ-Մաադավիի խոսքով՝ մոտ ապագայում հնարավոր են կանոնավոր թռիչքներ դեպի իրանական քաղաքներ ոչ միայն Կահիրեից, այլև Լուքսորից և Ասուանից։










