Հացադուլը, որպես բուժական կատեգորիա. վնասներ և օգուտներ

08:30 • 31.03.13

Հացադուլը, որպես նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական պայքարի ձև լայն տարածում ունի. ՀՀ նախագահի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն՝ ի նշան բողոքի 30 օր հացադուլ արեց, իսկ ընտրություններին երկրորդ արդյունքը գրանցած Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօր 21 օր հացադուլից հետո կդադարեցնի այն:


Նշենք, որ Հայաստանի անկախության պատմության մեջ արձանագրված են համապետական այս կամ այն ընտրություններից հետո հացադուլ հայտարարելու բազմաթիվ դեպքեր, այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում:


Համացանցում զետեղված նյութերի առատության առումով շատ բան հայտնի է նաև հացադուլի,որպես առողջապահական մեթոդի՝ սովաբուժության մասին, որն ունի թե՛ իր կողմնակիցները, և թե ընդդիմախոսները: Tert.am-ը փորձել է այդ տեսակետների համադրություն կատարել՝ ներկայացնելով նաև մասնագետների տեսակետներ:


Այսպես, ժամանակակից գիտությանը հայտնի է Պոլ Բրեգի ( ում գրքերով տասնյակ հազարավոր մարդիկ դիմել են սովաբուժության) մեթոդը, որով 7-10 օր, առանց բժշկի վերահսկողության թույլատրվում է ծոմ պահելը և օգտագործելը միայն խմելու ջուր:


Որոշակի նախապատրաստություն անցնելուց և օրգանիզմը հարմարեցնելու պայմանով Պոլ Բրեգը թույլատրում է նաև տարեկան մեկ անգամ անցկացնել 21 օրանոց ծոմ:
 


Յոգայում այն օգտագործվում է հազարամյակներով, ինչի մասին նշված է նաև Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի կայքում տեղադրված նյութերում:
 


Հայտնի են նաև Մալախովի, Շելդոնի մեթոդները, սակայն կան նաև ծոմի առավել արմատական միջոցներ՝ ծոմ առանց ջրի, (չի թույլատրվում ոչ միայն ջուր խմել, այլև լողանալ, լվացվել, ատամները լվալ, անգամ՝ ընկնել անձրևի տակ ու թրջվել), որի կողմնակիցները, սակայն, ցուցում են այն անցկացնել հատուկ կլինիկաներում, որոնք գործում են Եվրոպայում և Ռուսաստանում:

Սովաբուժության համար ցուցված են հետևյալ հիվանդությունները՝ բրոնխալ ասթման, սրտի իշեմիկ հիվանդությունը, քրոնիկական բրոնխիտ, թոքերի 1-ին և 2-րդ աստիճանի սարկոիդոզ, օնկոլոգիական ( բարորակ) հիվանդությունները, խոլեցեստիտ և պանկրեատիտ, մաշկային ալերգիաներ և այլն:


Իսկ հակացուցումներն են չարորակ նորագոյացությունները (թեպետ Պոլ Բրեգը պնդում է հակառակը՝ նշելով, որ սթրեսային պայմաններում հայտնված մարդու օրգանիզմը, որպես աշխարհի ամենալավ վիրաբույժ՝ առաջին հերթին ոչնչացնում է հիվանդ ու քաղցկեղի բջիջները ), մարդու քաշի՝ մինչև 15 տոկոսի պակաս լինելը նորմալ քաշից, թոքերի տուբերկուլյոզը, արյան համակարգային հիվանդությունները, շաքարախտը , սրտի անբավարարությունը, ստամոքսի խոցը և այլն:


Հիմնական վտանգն այն է, որ ծոմի 8-10-րդ օրերին կարող է վրա հասնել բժշկական տերմիններով ասած կրիզը, երբ տևական սովի արդյունքում արյան մեջ ներծծված տոքսիկնենրն ու վնասակար նյութերը , տեսակար մեծ կշիռ կազմելով, հայտնվում են երիկամներում՝ օրգանիզմից դուրս գալու համար:


Ինչպես իր անձնական կայքում պնդում է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ նախկինում հոգեբուժության մեջ գոյություն է ունեցել սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջացել են:


«Սովաբուժության ժամանակ հիվանդը ունենում է ոչ միանշանակ զգացողություններ՝ մեկ վերապրում է լրիվ ուժերի անկում (և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան), մեկ էլ առաջանում են դրական զգացողություններ և նոր ուժեր: Սովը բերում է օրգանիզմին արդեն սովորական դարձած միապաղաղ դեպրեսիվ վիճակից մի ինչ-որ «ալիքանման վիճակի», լի ինչպես վերելքներով, այնպես էլ անկումներով: Երկարաժամկետ սովաբուժությունից հետո, դեպրեսիայի զգացողությունը լիովին վերանում է»,- նշում է կլինիկական հոգեբանը:


Թերապևտ, գաստրոէնտերոլոգ, կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Սարգսյանը առողջարար է համարում ծոմապահությունը՝ կախված նրանից թե այն քանի օր է տևում, և մարդն ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում: «Եթե սրտային հիվանդ է, ճնշում, ունի շաքարային դիաբետ, խոց, բնականաբար, վատ կանդրադառնա,սակայն առողջ մարդու դեպքում ոչ մի բան էլ չի լինի: Ավելի լավ, օրգանիզմը մաքրվում է»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց բժշկուհին՝ ընդգծելով, որ ասվածը վերաբերում է կարճատև լինելուն:


Սակայն որպես գաստրոէնտերոլոգ նա դեմ է 7-10 օրանոց սովաբուժությանն անգամ:
Բժիշկ –էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նոնա Մարտիրոսյանի հետ Tert.am –ը զրուցեց սովաբուժության ենթարկված մարդու հորմոնալ ֆոնի առանձնահատկությունների և փոփոխությունների մասին: «Կարող են նման փոփոխություններ լինել, ուղղակի, կախված տևողությունից կոմպեսատոր մեխանիզմների հաշվին կարող է կարգավորվել, բայց եթե սովը երկարատև է, նման տեղաշարժեր լինում են »,- ասաց բժշկուհին՝ նշելով, որ կախված մարդու օրգանիզմի նախատրամադրվածությունից, կարող է մոտ երեք շաբաթ կարող են հորմոնալ տեղաշարժեր չլինել:


Նման տեղաշարժերի ենթարկված հիմնական հորմոնների թվում են նաև սթրես հորմոնները: Բժշկուհին ասաց, որ գեր մարդիկ, ճարպերի տրոհման հաշվին կարող են ծոմին և հորմոնալ վնասակար ազդեցություններին ավելի երկարատև դիմակայել: