Ինքնամաքրման փուլն ավարտվեց. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է նոր Հայաստանի երդմնակալությանը (տեսանյութեր, լուսանկարներ)

11:37 • 31.03.13

Ազատության հրապարակում այսօր հացադուլը դադարեցնելուց առաջ լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ավարտվում է ինքնամաքրման պայքարի փուլը, սակայն ավելացրեց, որ ինքը պատրաստվում է նոր Հայաստանի երդմնակալությանը։


«Այսօր քրիստոնեական աշխարհի, մարդկության և Հայաստանի Հարության տոնն է, ինչպես գիտեք այսօր ինքնամաքրման այս իմ պայքարի փուլն ավարտվում է: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր համաքաղաքացիներին, որոնք այս 21 օրվա ընթացքում եկան զորակցելու, օրհնելու գնահատելու, քննադատելու, խնդրելու և ընդհանրապես մեծ ուժ ու լիցք տալու ինձ ու մեր ընտանիքին»,- հայտարարեց նա 21 օր հացադուլից հետո:


Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է մոտ 59 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մոտ 37 տոկոս։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են և մարտի 10-ից հացադուլ էր սկսել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։


«Ժառանգության» առաջնորդն ընդգծեց, որ սկսված պայքարը միայն իրենը չէ։ «Սա մի հոգու պայքար չէ, մի հոգու հարություն չէ, այլ մի ողջ ժողովրդի և հատկապես երիտասարդ սերնդի: Իրենց գիտակցությունը փոխվել է, ուրախ եմ, որ մեր ապագան լավ ձեռքերում է»,– ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շնորհակալություն հայտնեց այն կամավորներին, որոնք գիշեր ցերեկ իր կողքին էին։ «Ես հանգիստ, մուշ-մուշ քնում էի, իսկ իրենք ցուրտ գիշերը անձրևի տալ մնում էին։ Իրենք շնորհակալության համար չէ, որ անում էին, բայց առանց իրենց չպիտի կարողանայի այս 21 օրն այսպես անցկացնել»,- խոստովանեց նա:


Հարցին, թե ինչ տվեց հացադուլը պայքարին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե «հայրենիքի և հավատի նկատմամբ հարության հրամայական»։ «Սա ապրեցի որպես քաղաքացի և հուսով եմ, որ իմ համաքաղաքացիները բոլորը նույնպես կզգան այդ հրամայականը և շատ եմ ուզում, որ այսօրվա պատգամով ու օրհնանքով ապրիլի 9-ին ունենաք ազգային միասնությունը, որը մի հոգուց կախված չէ: Ժողովուրդը փետրվարի 18-ին պահանջեց: Մենք մտնում ենք այն շրջան , որ ամեն մեկս ապագայի զարկերակով մտածի յուրաքանչյուր քայլը, դուրս գա ռեպլիկներից, չար որակումներից»,- ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Էջմիածնում հաղորդություն ստանալուց հետո, ինքը Զատիկը կդիմավորի տանը, ընտանիքի հետ։ Ի դեպ, այսօր նրա կողքին էին նաև ընտանիքի բոլոր անդամները, կինը՝ Արմենուհին, երեխաները և մայրը։


Այնուհետև նա հիշեցրեց, որ հաջորդ հավաքը ապրիլի 5-ին է, որի ժամանակ պետք է նախապատրաստվեն «նոր Հայաստանի երդմնակալությունը»։