Բորիս Բերեզովսկին իսկապես նամակ է հղել Պուտինին. պնդում է գործարարի մտերմուհին

16:34 • 31.03.13

Ռուսաստանցի հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկին իսկապես նամակ է գրած եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. այս տեղեկությունը The New Times-ին հաստատել է Բերեզովսկու մտերմուհին՝ Եկատերինա Սաբիրովան:

 

Սաբիրովայի հետ Բերեզովսկին մտերմացել էր վերջին տարիներին: Նա ասել է, որ Պուտինին ուղղված նամակը Բերեզովսկին համարում էր ծննդավայր վերադառնալու միակ հնարավորությունը:

 

Սաբիրովան նշել է, որ նամակով օլիգարխը ցանկացել է «ցատկ անել»՝ ներում խնդրելով Պուտինից: Ըստ նրա՝ նամակ գրելու հարցը Բերեզովսկին մի քանի ժամ հեռախոսով քննարկել է իր կնոջ՝ Ելենա Գորբունովայի հետ: Սաբիրովան պնդել է, որ անձամբ տեսել է այդ նամակի ձեռագիր տեքստը:

 

Նա Բերեզովսկուն ասել է, որ դա չի օգնի, իսկ օլիգարխը պատասխանել է, որ իր համար «մեկ է, որ իրեն են վերագրում բոլոր-բոլոր մեղքերը» և որ դա «իր միակ հնարավորությունն է»:

Նոյեմբերին Սաբիրովան իմացել է, որ նամակը Կրեմլ է ուղարկվել, քանի որ Բերեզովսկին ասել է, որ պատասխանի է սպասում:


Կինն ասել է նաև, որ գործարար Ռոման Աբրամովիչի դեմ հայցը տանուլ տալուց հետո Բերեզովսկին կտրուկ փոխվել է. սկսել է շատ ծխել, տանից դուրս չի եկել, ասել է, որ ոչ մեկի հետ շփվել չի ուզում:

Սաբիրովան ասել է նաև, որ չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը, քանի որ իրենք մի քանի օրից պետք է հանդիպեին Իսրայելում: