Սերժ Սարգսյանը Հայաստանի ասորիներին շնորհավորել է Նոր տարվա առթիվ

08:43 • 01.04.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ–ում բնակվող ասորիներին՝ նրանց Նոր տարվա (Հաբ–նիսան) առիթով, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։


Ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Չեմ կասկածում, որ դուք այս գեղեցիկ տոնը նշելու եք արժանի շուքով և հանդիսավորությամբ` պահպանելով հավատարմությունը ձեր ազգային ավանդույթներին:


Հայ և ասորի ժողովուրդների դրացիությունն ու բարեկամությունը, համագործակցությունն ու մշակութային փոխհարստացումը դարերի պատմություն ունեն: Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում` հայերի և ասորիների ներկա սերնդին բախտ ու պատիվ է վիճակվել շարունակել ու նորովի զարգացնել այդ ավանդույթները:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորելով բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, որ նոր տարում բազմապատկվեն ձեր հաջողությունները: Վստահ եղեք, որ մեր ընդհանուր հայրենիքը շատ ավելի ուժեղ է ձեզնով և ձեր հաջողություններով»: