Բրիտանացի գիտնականները ստեղծել են հատուկ միկրոչիպ, որը հնարավորություն կտա կառավարել ախորժակը

00:05 • 01.04.13

Լոնդոնի կայսերական քոլեջի հետազոտողները հայտարարել են, որ նրանց հաջողվել է ստեղծել միկրոչիպեր, որոնք կարող են կառավարել ավելորդ քաշի առաջացումը: Սարքը հնարավոր կլինի օգտագործել ճարպակալությամբ տառապող մարդկանց բուժման համար: Գիտնականները ցանկանում են սարքը փորձարկել կենդանիների վրա, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Եթե նորարությունը դառնա գործող, ապա այն կարող է դառնալ բարիատրիկ վիրաբուժության արդյունավետ և անվտանգ փոխարինողը:


Ըստ ստեղծողների, միկրոչիպը պետք է համագործակցի թափառող նյարդի հետ, որը կարևոր դեր է կատարում ախորժակի ձևավորման գործում: Պրոֆեսոր Քրիս Տումազոուն պարզաբանել է, որ չիպը կարող է մոդելավորել նեյրոնային ազդակները, որոնք պատասխանատու են սնունդ ուտելու համար: Իսկ նրա գործընկեր Սթիվեն Բլումը նշել է, որ սարքը ճարպակալումով տառապող մարդկանց կստիպի, որպեսզի նրանք ավելի զուսպ լինեն ուտելու հարցում:


Միկրոչիպը մարդու նյարդային համակարգին կմիանա հատուկ էլեկտրոդների միջոցով: Այն թույլ կտա ոչ միայն կարդալ, այլ նաև կառավարել քիմիական և էլեկտրոնային փոխազդեցությունները, որոնք կապված են ախորժակի առաջացման և կուշտ լինելու զգացմունքի հետ:


9 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը հովանավորվում է Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից:
 

Բրիտանացի գիտնականները ստեղծել են հատուկ միկրոչիպ, որը հնարավորություն կտա կառավարել ախորժակը