Ֆրանսիայի վարչապետը խոստացել է չբարձրացնել կենսաթոշակային տարիքը
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն խոստացել է, որ իր գլխավորած նախարարների կաբինետը չի բարձրացնի կենսաթոշակի անցնելու տարիքը, որն այժմ 62 տարեկանն է, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարցազրույցի ընթացքում խոսել էր այդ տարիքի հնարավոր փոփոխության մասին։ Նա նշել էր, որ դա անհրաժեշտ է կենսաթոշակային հիմնադրամի դեֆիցիտը հաղթահարելու համար, որը, եթե միջոցառումներ չձեռնարկվեն, 2020թ.-ին կկազմի 20 մլրդ եվրո։
Վարչապետն իր հերթին խոստացել է, որ չի բարձրացնի կենսաթոշակի անցման տարիքը։
Վերջին անգամ կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացվել է՝ 60 տարեկանի փոխարեն դառնալով 62։ Դա տեղի էր ունեցել դեռևս Նիկոլա Սարկոզիի իշխանության տարիներին։ Չնայած այն այժմ էլ Եվրոպայում ամենացածր շեմերից մեկն է համարվում։










