Պաղեստինի նախագահն ու Հորդանանի թագավորը Երուսաղեմը պաշտպանելու համաձայնագիր են ստորագրել
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ու Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը երեկ Ամմանում համաձայնագիր են ստորագրել՝ «Երուսաղեմի և դրա սրբավայրերի պաշտպանության մասին», տեղեկացնում է Взгляд-ը։
Այդ փաստաթուղթը կարգավորելու է կողմերի համագործակցությունն Ալ-Աքսա մզկիթի, ինչպես նաև իսլամական և քրիստոնեական այլ սրբավայրերի պահպանության հարցերում։
Պաշտոնական Պաղեստինը նշել է, որ դրա նպատակն է ընդգծել Հորդանանի պատմական դերը Երուսաղեմի սրբավայրերի պահպանման հարցում, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարությունը պաղեստինյան հողերում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում, որը հանդիսանում է Պաղեստին պետության մայրաքաղաքը։
Փաստաթղթում նաև հաստատվում է Հորդանանի միապետի կարգավիճակը որպես Երուսաղեմի սրբավայրերի պաշտպան և պաշտպանության համար իրավական միջոցառումներ կիրառելու նրա իրավունքը։










