Վենեսուելացիները Սբ Զատիկը տոնել են նախագահի թեկնածուների խրտվիլակների այրմամբ
Վենեսուելայում ակտիվիստներն այրել են նախագահի թեկնածուներ Էնրիկե Կապրիլեսի և Նիկոլաս Մադուրոյի խրտվիլակները, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։ Դա տեղի է ունեցել Սուրբ Զատկի տոնակատարության ժամանակ, երբ Վենեսուելայի բնակիչներն ավանդաբար այրում են Հիսուս Քրիստոսին դավաճանած Հուդայի խրտվիլակը։
Գործող իշխանության կողմնակիցներն ընդդիմադիր Կապրիլեսի խրտվիլակն այրել են մայրաքաղաք Կարակասի կենտրոնում։ Նրանք հայտարարել են, որ ընդդիմադիր թեկնածուն դավաճանել է երկրին ու ժողովրդին՝ «համաշխարհային իմպերիալիզմի շահերին աջակցելով»։
Ընդդիմության կողմնակիցները, իրենց հերթին, այրել են նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մադուրոյի խրտվիլակը՝ մեղադրելով նրան պատշաճ կենսամակարդակ և քաղաքացիների անվտանգությունը չապահովելու համար։ Նրա խրտվիլակի հետ միասին այրվել են նաև ներքին գործերի նախարար Նեստոր Ռեվերոլայի և Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսի խրտվիլակները։
Վենեսուելայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն ապրիլի 14-ին։










