ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի խոսնակների ապրիլմեկյան սուտը և «Ժառանգության» խոսնակի ճիշտը

16:04 • 01.04.13

Ապրիլմեկյան կատակների թեմայով Tert.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների խոսնակներ Էդուարդ Շարմազանովի, Տիգրան Ուրիխանյանի և Հովսեփ Խուրշուդյանի հետ, ովքեր մեր խնդրանքով օրվա առթիվ մեկական սուտ ասացին:


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ապրիլմեկյան սուտն այն էր, որ ԲՀԿ-ն կամ «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրություններին հաղթելու է: Նա մեկ այլ սուտ էլ ասաց. «Վաղը ՀՀԿ-ի օրն է, և մենք չենք աշխատելու»։ Եվ մեր այն դիտարկմանը, որ այդ ստին մենք էլ հավատացինք, ՀՀԿ խոսնակն ասաց, որ քաղաքական գործիչները երբեք չեն հանգստանում:


Իրեն խաբելու մասին Շարմազանովն ասաց, որ ինքը լոռեցի միամիտ տղա է, և հնարավոր չէ մի քանի անգամ խաբված չլինի: Կոնկրետ ապրիլմեկյան կատակներ ինքն արել է դպրոցական տարիներին: «Իսկ քաղաքականության մեջ ես չեմ խաբվել, և որպես խոսնակ էլ երբևէ ապրիլի 1-ին սուտ չեմ ասել, քանի որ սա առաջին անգամն է, որ այս օրը հարցազրույց եմ տալիս»,- ասաց նա:


ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ, որպես ապրիլմեկյան սուտ, տխուր տոնով ասաց, որ Երևանի 2013թ.-ի բյուջեով նախատեսված է բարեկարգել Երևանի բացարձակապես բոլոր երթևեկելի փողոցները: «Շատ տխուր տոնով ասացի, որովհետև շատ տխուր կատակ է, կցանկանայի, որ դա լուջ լիներ, և ցավում եմ, որ ստիպված ենք նման կատակ անել»,- ասաց նա:


ԲՀԿ խոսնակի կարծիքով՝ քաղաքականության մեջ ապրիլի 1-ը խառնվում է մնացած բոլոր օրերի հետ, և հաճախակի այդ առումով արտառոց բաներ ապրիլի 1-ին չեն լինում: «Այդ իմաստով կցանկանայի, որ քիչ հիասթափություն ապրեինք, և քիչ խաբված լինեինք նույնիսկ առանց չարամտությամբ կատակ անողների պարագայում»,-նշեց նա:


Իր կյանքում խաբվելու դեպքերից Ուրիխանյանը դժվարացավ ինչ-որ մի բան հիշել, բայց ասաց, որ քաղաքականության մեջ շատ հաճախ է նման բան լինում:


«Օրինակ՝ արդեն բոլորին հայտնի է, որ ես, ցավոք սրտի, դեռ ամուսնացած չեմ, բայց անցած տարի մամուլում ինձ համար հանկարծակի պարզեցի, որ ոչ միայն ամուսնացած եմ, այլ նաև դուստր եմ ունեցել, ինչ առթիվ ինձ շնորհավորում էին, և այդ ամբողջ տարին ինձ համար դարձավ ապրիլի 1: Շատ զարմանալի և զավեշտալի էր, ես չգիտեմ, միգուցե, իրենց տեղեկություններն այդպիսին էին, միգուցե ոչ, համենայնդեպս ինձ համար դա ամենազավեշտալի և իրականության չհամապատասխանող դեպքն էր»,- պատմեց նա:


Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ինքը, առհասարակ, չի խաբում և սուտը չի սիրում ոչ թե այն պատճառով, որ առանձնակի լավն է, այլ պարզապես գտնում է, որ դրանում է կայանում իր ազատությունը:


«Ես որևէ մեկին որևէ բան պարտական և պարտավոր չեմ, խոսքն ինձ համար անցանկալի պարտավորությունների մասին է, և ես պարտավոր չեմ անելու կամ ասելու այն, ինչ իմ ցանկություններից չի բխում»,- ասաց նա:


«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ իրեն դասում է այն մարդկանց շարքին, որոնք երբեք հումորներ չեն հիշում: Նա հրաժարվեց անգամ այսօր սուտ ասել: Եվ երբ նրան ասացինք ՀՀԿ խոսնակի ստի մասին, Խուրշուդյանը հակադարձեց՝ ասելով, որ ավագանու ընտրություններին հաղթելու է «Ժառանգության» ներկայացրած «Բարև Երևան» դաշինքը, և ինքը սուտ չի ասում:


«Ինձ համար սուտ ասելը շատ բարդ է, պետք է շատ մտածեմ, որ կարողանամ պատասխանել այդ բարդ հարցին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:



Վերջինիս կարծիքով՝ մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ մարդկանց խաբում են ոչ թե ապրիլի 1-ին, այլ ամեն օր, և խաբում են չինովնիկները, իշխանությունները:


«Ցավոք սրտի, ստի մշակույթը մեր երկրում շատ զարգացած է, հումորը և ծիծաղը թող միշտ անպակաս լինի, բայց ոչ խաբելը»,-ասաց նա և կրկին անդրադառնալով ՀՀԿ խոսնակին՝ ասաց. «Շարմազանովն այն մարդկանց թվին է դասվում, որ սուտ ասելու համար կապ չունի ապրիլի 1 կլինի, թե ուրիշ օր: Երբ ինքն ասում է, որ Հայաստանում արդար ընտրություններ են անցկացվել, կարծում եմ, որ իր համար ապրիլի 1-ն ամեն օր է»: