Հայաստանում խուլերը չեն կարողանում տեղեկացվել հեռուստատեսություն միջոցով. ժեստերի լեզվի թարգմանիչ
2013թ-ի ՀՀ նախագահի ընտրություններին ՀՀ խուլ քաղաքացիները հնարավորություն չունեցան ստանալու այն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտար ճանաչել թեկնածուներին և ծանոթանալ նրանց ծրագրերի հետ, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ խուլերը այդպես էլ չհասկացան, թե ինչպիսի մարդիկ են թեկնածուները, ինչ են ուզում անել, ինչ են պատրաստ փոխել Հայաստանում:
«Նրանք տեղեկատվություն չունեին ա-ից, բ-ից սկսած մինչև վերջ: Այնքան ուզեցին հեռուստատեսությունից տեղեկատվություն ստանալ, բայց չստացան ու մի տեսակ հույսները կտրեցին դրանցից»,– ասաց է նա:
«Անտարբերություն է տիրում խուլերի նկատմամբ, ու նրանք 21-րդ դարում չեն կարողանում ինֆորմացիա ստանալ հեռուստատեսությունից: Ժեստերի լեզվի թարգմանություն կատարվում է միայն «Կենտրոն» հեռուստատեսությամբ և կա մանկական մի հաղորդում «Շողակաթով», որը թարգմանվում է խուլ երեխաների համար»,- նշեց նա և ընդգծեց, որ Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է բոլոր հաղորդումները թարգմանել խուլերի համար կամ՝ նվազագույնը շաբաթն ամփոփող լրատվական հաղորդումները:
Զուբեյդա Մելիքյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խուլերի համար եղավ մի ծրագիր, որտեղ բացատրվում էր, թե ինչպես պետք է քվեարկություն կատարի խուլ մարդը: Սակայն նա ընդգծեց, որ միայն դա բավական չէր, քանի որ խուլ մարդուն, ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամին, անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն:
«Ասենք թե ես հաշմանդամ եմ ու ուզում եմ հասկանալ, թե ինչ է իմ համար անելու տվյալ թեկնածուն: Այդ առումով բացարձակ զրո էր տեղեկատվությունը: Լավ է, որ գոնե երիտասարդները տիրապետում են համակարգչին, լիարժեք իրենք համակարգչով շփվում են, ինֆորմացիա հավաքում և դրա մասին տեղեկացնում մյուսներին»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ընտրարշավի շրջանում խուլերը փորձել են տեր կանգնել իրենց իրավունքներին և պահանջել, որ ամբողջ քարոզարշավը թարգմանվի ժեստերի լեզվով, Զուբեյդա Մելիքյանը պատասխանեց՝ ասելով, որ նրանք մի տեսակ «պարփակված են իրենց համայնքում, փորձում են այստեղից-այնտեղից տեղեկություն հավաքել ու քաղաքականության մասին պատկերացում կազմել:
«Ծնողներս խուլ են, ու մայրս, եթե իրեն հետաքրքրող ինչ-որ բան է հարցնում ինձ, ինչքան որ իմ խելքը հասնում է այդքանով պատասխանում եմ, դրա հետ միասին իմ կարծիքն եմ հաղորդում: Ընտրական այս գործընթացը խուլերի համար մեծամասամբ հիմնված է կողքինի լսածի վրա»,- ասաց նա:
Զուբեյդա Մելիքյանը հեռուստաընկերությունների ղեկավարներին հորդորեց իր իսկ խոսքերով ապուշությունների վրա գումար ծախսելու փոխերն, ավելորդ ծախս չհամարել խուլերի համար թարգմանություն ապահովելը:
«Ցանկացած տարբեր թեմաներով հաղորդումները կարող են 20 անգամ կրկնել, հումորային ծրագրերը՝ 70 անգամ, 30 անգամ՝ նույն սերիալը, բայց խուլ մարդու համար չկա այն ինֆորմացիան, որը ինքը պետք է ստանա՝ որպես այս հասարակության լիարժեք մարդ, մասնակցի կյանքի լիարժեք գործընթացին ու ներկայանա որպես լիարժեք մարդ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ թեև առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, սակայն խուլերը չեն պատրաստվում դիմել որևէ պետական կառույցի՝ իրենց իրավունքները վերականգնելու համար: Նրանք համոզվել են, որ այդ ամենը զուր է:
«Իրենք տարիներ շարունակ բողոքել են, խնդրել, պահանջել, որ ժեստերի լեզվի թարգմանություն լինի հեռուստատեսությամբ՝ այսինքն եթե դուք լսում եք, մենք էլ լսենք, դուք չեք կարդում, դուք լսում եք: Իրենք էլ չեն ուզում կարդալ: Բայց ստիպում են, որ իրենց լուսագիրը կարդանք: Դժվար բառեր են գրում, խուլերը չեն կարողանում հասկանալ: Աբսուրդ է, կարող եք ասել, որ ավելորդ գումարներ չծախսեն դրա վրա, որովհետև հազարից մեկն է կարդում: Եթե մարդը իրավունք ունի, ինչո՞ւ պետք է չստանա այն»,- ասաց նա:
Զուբեյդա Մելիքյանը նշեց, որ բազմաթիվ երկրներ կան, այդ թվում նաև հարևան Թուրքիայում, որտեղ առնվազն մի հեռուստատեսություն 24 ժամ ապահովում է ժեստերի լեզվի թարգմանություն:










