Թուրք պատգամավորն ԱՄՆ հետախուզությանը մեղադրել է խորհրդարանում գաղտնալսումներ իրականացնելու համար
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնալսումներ է իրականացնում Թուրքիայի խորհրդարանում՝ դրա մոտակայքում տեղակայված գաղտնի օբյեկտից։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էրդալ Աքսյունգերը։
Պատգամավորն «Աքշամ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ գաղտնալսումն իրականացվում է լավ պահպանվող օբյեկտից, որը գտնվում է Անկարայի կենտրոնում՝ խորհրդարանից 2 կմ հեռավորության վրա։
«Ինչո՞ւ է գաղտնալսվում մեջլիսը, և թե կոնկրետ ո՞ւմ են գաղտնալսում, ես չգիտեմ։ Միայն հայտնի է դարձել նման օբյեկտի գոյության մասին, և մենք հարցում ենք ուղարկել Ազգային հետախուզական ծառայությանը, Ժանդարմերիայի զորքերի հետախուզությանը, սակայն այդ գերատեսչություններից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չենք ստացել»,-ասել է Աքսյունգենը, հավելելով, որ մտադիր է բարձրացնել գաղտնալսումների հարցը խորհրդարանում։










