Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկվում է. ՊՆ մամուլի խոսնակ

11:55 • 02.04.13

«Հայ -ադրբեջանական շփման գծում իրավիճակը պահպանվում է, հակառակորդը որոշակի ակտիվություն ցուցաբերում է, փոքր ստորաբաժանումների շարժ կա, կրակոցների քանակն էլ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ավելացել է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական շփման գծում բազմաթիվ հատվածներում նկատվում է ադրբեջանական զինուժի ակտիվ շարժ:
 

Երեկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական բնակավայրերը: Չնայած ակնհայտ է, որ դա իրականացվում է Ադրբեջանում ծայր առած ներքին լարվածությունը թուլացնելու նպատակով, իսկ մեզանում կարծիքներ են հնչում, թե դա կապված է Սերժ Սարգսյանի մոտալուտ երդմնակալության հետ: Սակայն անկախ նպատակից, սահմանի վրա հնարավոր են սադրանքներ:
 

 

Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հակառակորդի ակտիվությունը նկատվել է վերջին երկու օրերին, սակայն ավելացրեց, որ՝ «ընդհանրապես, ամեն տարի էս սեզոնին որոշակի ակտիվություն նկատվում է»։


Իսկ դա էլ պայմանավորում է նրանով, որ այս շրջանում սկսում է փարթամանալ բուսականությունը, և, հետևաբար, մեծանում է դիվերսիաների հավանականությունը:


ՊՆ մամուլի խոսնակն ի պատասխան հարցի, թե ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ արվո՞ւմ են, ասաց. «Անում ենք, եթե չանեինք այլ պատկեր կլիներ, հայկական կողմը լիովին վերահսկում է իրավիճակը»: