Ադրբեջանի ԱԳՆ-ն կփորձի ճշտել Սիրիայում սպանված ենթադրյալ ադրբեջանցի զինյալների ինքնությունը

17:44 • 02.04.13

Ադրբեջանական կողմը ջանքեր կգործադրի՝ Սիրիայում սպանված ենթադրյալ ադրբեջանցիների ինքնությունը բացահայտելու ուղղությամբ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։


Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։
 

Ավելի վաղ թուրք-մոջահեդների կայքում տեղեկություն էր տարածվել, որ մինչ այժմ Սիրիայում մոտ 30 ադրբեջանցի զինյալ է սպանվել։

 

Աբդուլլաևը հիշեցրել է, որ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, որոնք գտնվել են Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան հաշվառման մեջ, լքել են երկիրը, իսկ դեսպանատունը տեղափոխվել է Բեյրութ։

 

Մինչ այդ, դեսպանատունը հոգ էր տարել, որ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները լքեին երկիրը։
 

Աբդուլլաևի խոսքով՝ Սիրիայում բարդ իրավիճակով պայմանավորված՝ դժվար է լինելու ճշտել այդ սպանվածների ազգությունն ու քաղաքացիական պատկանելությունը։ «Այդ անձանց ինքնությունը՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, չի հաստատվել։ Չնայած լարված իրավիճակին, ադրբեջանական կողմն ամեն ինչ կանի այդ մարդկանց ինքնությունը ճշտելու համար»,-ասել է նա։