«Զվարթնոցի» մաքսային հսկողության բաժնի պետը ձերբակալվել է մեծ քանակությամբ ադամանդի մաքսանենգության կասկածանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր ձերբակալել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ‹‹Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին։ Այս մասին հայտնում է ‹‹Փաստինֆո» գործակալությունը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը: Բաժնի պետը կասկածվում է մաքսանենգության մեջ։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաև Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:
Քրեական գործը վերաբերում է մեծ քանակությամբ ադամանդի մաքսանենգությանը։ Մասնավորապես, ըստ նախաքննության տվյալների, Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կարատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվել է Հայաստան՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նշենք, որ ադամանդի գինը միջազգային շուկայում, կախված ադամանդի ձևից, կշռից և տեսակից, 1 կարատի համար միջինում սկսում է 3500 ԱՄՆ դոլարից: Այսնիքն, կոպիտ հաշվարկներով նշված ծավալի ադամանդի արժեքը կազմում է առնվազն մոտ 10 մլն դոլար (հաշվարկը՝ Tert.am-ի):










