Բրազիլուհին հազիվ է փրկվել՝ հեռախոսի հետևից ցատկելով գնացքի ռելսերի վրա (տեսանյութ)

10:09 • 02.04.13

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի բնակչուհին նետվել է մետրոյի ռելսերի վրա, երբ այնտեղ է ընկել իր բջջային հեռախոսը։ Սակայն վերստանալով հեռախոսը՝ նա հանկարծ գիտակցել է, թե ինչ կարող էր հատուցել դրա փոխարեն, գրում է newsru.com-ը։

 

Youtube-ում տեղադրված տեսանյութում երևում է, որ այն պահին, երբ նա փորձում է բարձրանալ հարթակի վրա, նրան մեծ արագությամբ մոտենում է գնացքը, իսկ գնացքավարն ազդանշան է տալիս։

 

Բարեբախտաբար, նրան օգնության են հասել ոստիկանն ու հարթակի վրա գտնվող մարդիկ։ Նրանք ձեռք են պարզել աղջկան և վերջին ակնթարթում փրկել նրան բախումից։


«Եթե նրան դուրս բերեին կես վայրկյան ավելի ուշ՝ նա կզրկվեր ոտքերից, եթե մի վայրկյան ուշ՝ նա շատ ավելին կկորցներ»,-գրում է Gizmodo-ն։

 

YouTube-ի օգտատերերը ևս զարմացել են։ «Այս ամենը հանուն հեռախոսի՞» կամ  «նա խելագա՞ր է», գրել են շատերը։
«Հուսով եմ՝ դա գոնե սմարթֆոն էր»,-կատակել են մյուսները։


Իսկ օգտատերերից մեկն աղջկան առաջարկում է հեռախոսի գովազդում նկարահանվել և անգամ կարգախոս է մտածել. «Հեռախոս, հանուն որի արժե վտանգել կյանքը»։